"

Եհովայի վկաները եւ ես

Posted on March. 4. 2019

Տ. Սերոբ քհն. Ազարյան

Քիչ առաջ գնացի հաց ուտելու եւ մեր «վանքի» զանգը հնչեց. գնացի բացելու, եւ ահա երկու Եհովայի վկաներ դիմացս էին։ Առաջին անգամ մեր հասցէով, երկու օրիորդներ, որոնք հայերէն էին խօսում իմ հետ.

-Բարեւ Ձեզ, ո՞նց էք, մենք եկել ենք ձեր հետ խօսե….»։

-Եհովայի վկաներ էք, չէ՞ – ասեցի խիստ ոճով։

– Այո , ասեցին միաբերան, ուզում էինք որ ձեր հետ խօսենք Աստուածաշնչի մասին։

Դժկամած էի. հացս չկերած, սեղանում թողած. Տնեցիներիս գործն կիսատ թողած, հիմա սրանց «հավես»ը ժամանա՞կը ունեմ ես։

-Գնացէ՛ք, հեռացէք – ասեցի։ Ժամանակ չունեմ, պայ, հայտէ՛, կորսուէք, շո՛ւտ, ժամանակնիդ չունեմ։

-Բայց մենք չենք ուզում ձեզ անհանգստացնել, մենք մենակ ուզում ենք իմանալ, եթէ ձեր Աստուածաշունչը կարդում էք։ – ասեց նրանցից մեծը։

-Աղջիկ ջան, դու չգիտես թէ ինչպիսի սխալ ուսուցմունքի մէջ ես ընկել։ Դու քո հայրերիդ հաւատքից հեռանալով մտել ես մի սուտ ուսմունքի մէջ։

-Նա հայ չի – ասեց միւսը, որ հայաստանցի աղջիկ էր։

-Բա ի՞նչ ես – հարցրի առաջինին։

-Կուբացի եմ, եւ հայերէն եմ սովորում։

-Կուբացի ես, ու Եհովայի վկայ ես որ հայերին վկա՞յ դարձնես։ Դու Եհովայի վկայ լինելու փոխարէն ինչի՞ չես սովորում ճշմարիտ քրիստոնէական հաւատքը։

Կարճ կապեմ, նրանք ինձ հարցեր տալու փոխարէն, ես սկսեցի նրանց հարցեր տալ, որոնց պատասխանը կարող է տալ միայն տիպիկ Եհովայի վկայ մը։ Հարցրեցի Քրիստոսի Աստուած լինելու մասին, որ ժխտեցին։ Վազեցի կողքի սենեակը ու նրանց առջեւ գիրքը բացելով յունարէնով կարդացի . Ἐν ἀρχῇ ἦν ὁ λόγος, καὶ ὁ λόγος ἦν πρὸς τὸν θεόν, καὶ θεὸς ἦν ὁ λόγος.

-Հիմա ո՞ւր է գրուած որ Յիսուս աստուած «մըն» էր։

– Հին մագաղաթներում – ասեցին

-Իսկ ո՞ւր է այդ հին մագաղաթը որի վրայով թարգմանել էք ձեր «Նոր Աշխարհի թարգմանութիւնը»։

-Կը բերենք, – ասեցին, որի վրայ բերեցի թէ. «ձեր ղեկավարները չեն գտնելու, դո՞ւք էք գտնելու այդ բնագիրը»։

«Գրոհը» շարունակուեց.

-Յիսուս Աստուա՞ծ էր, թէ աստուած մըն էր։

-Աստուած մըն էր։

-Ուրեմն շատ աստուածներ էք ճանաչում, եթէ Յիսուս աստուած մըն էր, դուք բազմաստուածեան կրօն էք, [polytheist]։ Ասում էք աստուածաշնչում մի Աստուած կայ, ու նաեւ Յիսուս մի «աստուած» էր, որ խաչը բարձրացաւ։ Եթէ խաչը բարձրացաւ նա աստու՞ած էր, թէ մարդ։ Եթէ աստուած մըն էր, ուրեմն Աստուած ուրիշ աստուա՞ծ էր ստեղծել, թէ մարդ էր խաչուողը։ Եթէ մարդ էր միայն, ուրեմն մի մահկանացու մա՞րդ էր որ մեղքերը վերցրեց մարդկութեան, թէ Աստուած իր մարգարէութեամբ ինքզինք էր հակասում։

Շարունակեցի,

-Դու աղջիկ ես, ինչի՞ ես քարոզում տղամարդուն որ հօրդ տարիքն է։ Եթէ Աստուածաշնչին հաւատում ես, դու եկեղեցում քարոզելու իրաւունք ունե՞ս։

-Բայց Աստուածաշնչում իգական սեռի մարգարէուհիներ կային- ասեց։

-Ուրեմն դու մարգարէուհի՞ ես թէ ոչ, եթէ ոչ, խօսելու իրաւունքը ունե՞ս թէ Աստուածաշունչի պատգամները քո համար կիրարկելի չեն։

Մեղքանում էի, բան չգիտեն կրօնի մասին բացի իրենց լուացուած ուղեղներում լցուածից։

Երկար-բարակ հարցերի տարափ տեղացուցի նրանց վրայ, Քրիստոսի մասին, Եհովա անուան մասին որ Աստուածաշնչում չկայ, Աստուածաշնչի մասին, Հայաստանի մասին, բանակի մասին, Եկեղեցու հայրերի, սատանայի տիրապետութեան մասին, եւ այլ նիւթերի մասին, եւ չնայած որ ես էլ էի շտապում գործերիս հասնել, զգացի որ ուզում էին գնալ, որովհետեւ գլուխ չէին կարող դնել իրենցից մեծ քահանային դէմ, որ իրենց ամէն հարցի պատասխանը տալիս էր բոցի կրակի նման, ու հարցեր տալիս նրանց որի պատասխանները այդ խեղճ խաբուածները չունէին ու առաջին անգամ էին լսում իրենց փրոփականտից դուրս պատասխաններ։ Ես իրենց պոկ չէի տալիս, ուզում էի մնան որպէսզի ուղղափառ հաւատքը ճանաչեն։

Նրանց հետ պայմանաւորուեցի որ հանդիպենք, յուսով եմ կը վերադառնան։

Զրոյցից առաջ զզւում էի նոյնիսկ մի րոպէ յատկացնել Եհովայի վկաներին, բայց զրոյցի ընթացքում եւ աւարտին զգացի որ նրանք կարիքը ունեն ճշմարիտ առաքելական սուրբ ուղիի ճանաչման։

Մի բան պիտի խոստովանեմ։ Որքան որ էլ ծուռ ուսմունքի աղանդի հետեւորդ լինեն, դուք պատկերացրէք. Կուբացի մի աղջիկ որ հայերէն է սովորում որ հայերին Եհովայի վկայ դարձնի։ Որքան որ դատապարտելի է նրանց ուսմունքը, գնահատելի է նրանց անձնական նախանձախնդրութիւնը, մի բան որ ես սրտանց ուզում եմ տեսնել մեր Ս. Եկեղեցու հոգեւորական եւ աշխարհական զաւակների մէջ։

Անապատի Քահանան +

Image may contain: text

Share on Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *